Մարտի 28-ին Կողբի երկու դպրոցների աշակերտները հանդիպում ունեցան Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանի հետ: Հնադիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, և պարոն Աղաբաբյանը սիրով պատասխանեց երեխաների բոլոր հարցերին: Երեխաները տեղեկացան, թե ինչ աշխատանքներ են մնացել կատարելու մինչև հոկտեմբերին կայանալիք ընտրությունները: Պարոն Աղաբաբյանն ասաց, որ հիմա գյուղում խմելու ջրի ջրագիծ է կառուցվում, և որ այդ խմելու ջրից կօգտվեն ավելի քան 300 ընտանիք, գյուղի Ավագի ձոր կոչվող հատվածում կառցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան սպորտային համալիր՝ ֆրանսիահայ բարերար Րաֆֆի Քամայանի նախաձեռնությամբ:
Աշակերտները բարձրացրին նաև գյուղի աղբահանության խնդիրը: Պարոն Աղաբաբյանն փաստեց, որ դա գյուղի ամենացավոտ հարցերից մեկն է, և նա այդ խնդրով զբաղվում է 2005թ.-ից, սակայն այն դեռ վերջնական լուծում չի ստացել: Նա ավելացրեց, որ գյուղի լուսավորության խնդիրը նույնպես կլուծվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Աշակերտները խնդրեցին օգնել դպրոցին սպորտային գույքով, հանդիսությունների դահլիճի սեղան-աթոռներ ձեռք բերման համար: Նրանք նաև խնդրեցին օգնել ուսուցչանոցի կահավորմանը: Պարոն Աղաբաբյանն ասաց, որ կկատարի նրանց խնդրանքը:
Աշակերտները պարոն Աղաբաբյանին առաջարկեցին Կողբի գյուղապետարանի կողմից կրթաթոշակ սահմանել դպրոցի միջին և բարձր դասարաններում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների համար: Պարոն Աղաբաբյանը այս առաջարկը ևս ողջունեց, բայց ասաց, որ երբ ինքը աշակերտ էր, իրենք անշահախնդիր ձևով էին սովորում դպրոցում:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Կողբի մշակույթի տան տնօրեն Սասուն Մուրադյանը և ՏԻՄ-ի ներկայացուցիչ Արմեն Ղուլիջանյանը:Աշակերտները մի քանի մշակութային հարց էլ ուղղեցին պարոն Մուրադյանին:
Աշակերտներին հետաքրքիր էր, թե ինչու գյուղում չեն ներկայացվում բեմադրություններ, տիկնիկային թատրոնը ինչու չի գործում և չեն կատարվում տեսաֆիլմերի ցուցադրումներ: Նրանք խոստովանեցին, որ իրենք նույնպես կարող են մասնակցություն ցույց տալ բեմադրություններին: Պարոն Մուրադյանը համաձայնվեց, որ, այո՛, վերջերս մշակույթային կյանքն այնքան էլ ակտիվ չէ, և որոշեցին համագործակցել: