Wednesday, December 21, 2011

Տնօրենի ընտրություն Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում

Դեկտեմբերի 20-ին Կողբի 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ տնօրենի ընտրություն: Միակ թեկնածուն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Կարեն Նազարյանն էր: 
Ընտրությանը մասնակցում էին դպրոցի կառավարման խորհրդի ութ անդամներից յոթը(մեկը բացակայում էր հիվանդության պատճառով), Տավուշի մարզպետարանի և ՀՀ ԿԳՆ  ներկայացուցիչներ: Ընտրությանը ներկա էր <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթի թղթակից Աննա Սահակյանը:



Կարեն Աշոտի Նազարյանը ծնվել է 1977թ. հուիսի 28-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում մտավորականի ընտանիքում:1994թ. գերազանցությամբ ավարտել է Նոյեմբերյանի 2 միջնակարգ դպրոցը և նույն տարին ընդունվել Երևանի Պետական ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտ: 1999թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է <<Ինֆորմատիկայի և կառավարման ավտոմատացված համակարգ>> բաժինը:
Նույն թվականին աշխատանքի է անցել Բերդավանի միջնակարգ դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ: Այնուհետև աշխատել է <<Երևակ>> հասարակական կազմակերպությունում, Արմենթել-ում: 2008թվից մինչև 2010թ. աշխատել է Բագրատաշենի մաքսատանը: 2010թ. փետրվարից աշխատում է Կողբի 2 միջնակարգ դպրոցում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011թ. մասնակցելով ԿԳՆ Կրթության  ազգային ինստիտուտի իրականացրած հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստման դասընթացին և ստացել համապատասխան հավաստագիր : Գերազանց հանձնելով քննությունները՝ Կ. Նազարյանը առաջարկ է ստացել դասախոսելու վերապատրաստման դասընթացներում և ընդունել է առաջարկը: 
 2011թ սեպտեմբերից  շախմատ է դասավանդում երկրորդ դասարանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Շնորհավորում ենք պարոն Նազարյանին տնօրենի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաջողություններ, արդյունավետ ու բուռն աշխատանքային գործունեություն  երիտասարդ տնօրենին:

Monday, December 19, 2011

Բանավեճ 9-րդ դասարանում

  

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների համար անցկացվեց բանավեճ: Բանավեճի թեման <<Կոնֆլիկտն>> էր: Աշակերտներին շատ դուր եկավ բանավեճի թեման: Նախապես նրանք տեղեկացան թե ինչ բան է բանավեճը, ինչ փուլեր ունի և ինչ ձևով է անցկացվում: 




Դասարանը բաժանեցինք հինգ խմբի և յուրաքանչյուր խումբ գրեց թե ինչ եզրահանգման կգա արդյունքում: Այնուհետև նրանց բաժանեցին թերթիկներ, որտեղ ներկայացված էր կոնֆլիկտային իրավիճակ: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց, թե ինչպես կվարվեր տվյալ իրավիճակում: Երեխաները մեծ հետաքրքրությամբ և ոգևորվածությամբ էին մասնակցում բանավեճին: Հնչեցին շատ դիպուկ և հետաքրքիր տարբերակներ: Վերջում ամփոփվեց  բոլոր կարծիքները և ստացան այն արդյունքը ինչ ակնկալում էին:

Saturday, December 3, 2011

Սեմինար


Դեկտեմբերի 2-ին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհուրդների նախագահների վերապատրաստման սեմինար: Սեմինարին մասնակցում էին Նոյեմբերյանի թիվ 2, Կողբի թիվ 1, Կողբի թիվ 2 և Բերդավանի միջնակարգ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահները, անդամներ և համագործակից ուսուցիչներ:



Սեմինարավար Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց աշակերտական խորհուրդների հետ կապված աշխատանքները: Զրույց- քննարկում տեղի ունեցավ նրանց ընտրությունների և  գործունեության մասին: Յուրաքանչյուր դպրոցի աշակերտները և համագործակից ուսուցիչնեը ներկայացրին իրենց դպրոցի աշակերտական խորհուրդի 2011-2012 ուս. տարվա աշխատանքային պլանը:

Tuesday, November 15, 2011

"Spelling Bee" տարածաշրջանային փուլ

"Spelling Bee"-ի  տարածաշրջանային փուլը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանում: Մրցույթն անց էին կացնում Նոյեմբերյանի տարածաշրջանում աշխատող <<Խաղաղության կորպուս>>-ի  կամավորները:
Մրցույթին մասնակցում էի տարածաշրջանի շատ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտներ:  Նախքան մրցույթի սկսվելը աշակերտներին բացատրվեցին կանոնները, ապա յուրաքանչյուր դասարանի աշակերտներ առանձին առանձին հրավիրվեցին դասասենյակ, որտեղ անց էր կացվում մրցույթը:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներից Լալա Ամիրզյանը /9-րդ դասարան/  զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Լիանա Աբովյանը /7-րդ դասարան/ երորրդ տեղը: Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան սերտիֆիկատներ, իսկ առաջին, երկրորդ և երորրդ տեղերը զբաղեցնողները պարգևատրվեցին նվերներով:
  

Wednesday, November 9, 2011

"Spelling Bee"


Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ "Spelling Bee" մրցույթը, որը կազմակերպել էր <<Խաղաղության կորպուս>>- ի կամավոր Աշլի Էլիսը: Մրցույթին մասնակցում էին միայն 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներ: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության սերտիֆիկատներով, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողները ստացան մրցանակներ /անգլերերն ամսագրեր/ և տարածաշրջանային փուլի մասնակցության իրավունք:
Տարածաշրջանային փուլը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում:


Tuesday, November 1, 2011

"Spelling Bee"

 2011թ. սեպտեմբերից Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում աշխատում է <<Խաղաղության կորպուս>>- ի կամավոր Աշլի Էլիսը: Նա աշխատելու է դպրոցում երկու տարի: Այցի նպատակն է անգլերեն լեզվի ուսուցումը: Համագործակցում է Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի բոլոր ուսուցիչների հետ, առաջարկում ուսուցման նոր մեթոդներ և հնարներ:

Աշլին անց է կացնում անգլերեն լեզվի  անվճար դասընթացներ՝  7-8-րդ դասարանցիների համար ամեն երկուշաբթի ժամը 2:15, 9-12-րդ դասարանցիների համար ամեն չորեքշաբթի ժամը  2:15:

Նոյեմբերյանի տարածաշրջանի խաղաղության կորպուսի կամավորները անց են կացնում  "Spelling Bee" /բառերի ճիշտ արտասանության և գրության/ մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների բոլոր այն աշակերտները, ովքեր հետաքրքրված են անգլերեն լեզվով և սիրում են մասնակցել մրցույթների: Առաջինը փուլը յուրաքանչյուր դպրոց անց կկացնի տեղում: Կողբի թիվ 2 դպրոցում այն կանցկացվի նոյեմբերի 3-ին ժամը 2:15-ին, կարող են մասնակցել նաև Կողբի թիվ 1 դպրոցի աշակերտները: Առաջի փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած աշակերտները կմասնակցեն երկրորդ փուլին, որը  տեղի կունենա Նոյեմբերյանի ավագ դպրոցում մեկ շաբաթ հետո: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ  հաղթողները կպարգեվատրվեն խրախուսական մրցանակներով: 



Thursday, October 13, 2011

Հոկտեմբերի 5

Հոկտեմբերի 5-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը մեծ շուքով նշեց ուսուցչի տոնը: Միջոցառումը անցկացվեց Կողբի  մշակույթի տանը: Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝  Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի բոլոր մանկավարժները, երկու մանկապարտեզների աշխատակիցները, երաժշտական դպրոցի մանկավարժները, վաստակաշատ և թոշակառու ուսուցիչներ և շատ ու շատ այլ հյուրեր:




Միջոցառումը վարում էր Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանավարուհի Անահիտ Թամազյանը:
    


Բոլոր հյուրերին և մանկավարժներին շնորհավորեց Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Նազարյանը, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Վեներա Դուրինյանը, Կողբի ամբուլատորիայի վարիչ Սանամ Հարությունյանը, Կողբի մշակույթի տան տնօրեն Սասուն Մուրադյանը:  Ողջույնի խոսքով և շնորհավորանքներով հանդես եկան երկու մանկապարտեզների սաները, Կողբի երաժշտական դպրոցի սաները, Կողբի և Նոյեմբերյանի պարի դպրոցի սաները, Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լալա Աբովյանը և XIIբ դասարանի աշակերտուհի Անուշիկ Բարսեղյանը: 


Մեր հարգարժան մանկավարժներին  իրենց գեղեցիկ երգերը նվիրեցին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սաթենիկ Լևոնովնան, Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Էմմա Ոսկանյանը:








Կողբի գյուղապետարանը  նույնպես շնորհավորեց երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին և դրամական պարգևատրում կատարեց:

 Բոլոր հյուրերը հուզմունքով և հիացմունքով հեռացան դահլիճից:






Tuesday, October 11, 2011

Աշնանային արշավ

  
   Հոկտեմբերի 6-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը մեկնեց աշնանային արշավի: Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները: Արդեն երկար տարիներ է ինչ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը կազմակերպում է աշնանային արշավ: Արշավը երեխաներին թույլ է տալիս ավելի լավ ճանաչել հայրենի գյուղի գեղատեսիլ բնությունը: 
   



Մշկավանք XIIIդ.
      Այս տարի արշավի ուղղությունը հնադարյան Մշկավանք վանքային համալիրն  էր  /XIIIդ./: Մշկավանքը գտնվում է Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա:

Պահպանվել են Ս.Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Մշկավանքի եկեղեցին 1219թ.-ին հիշատակվում է իբրև կանգուն շինություն։ Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է, ծածկված կիսագլանային թաղով։ Կիսաշրջանագծային աբսիդին երկու կողմից կից են երկհարկ նեղ ավանդատներ։ Արևելյան ճակատում, աբսիդի պատուհանից վերև, ոճավորված խաչ է, որի վերին թևում պատկերված է ցուլի գլուխ։ Միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի գավիթ։ Գավիթը արևմուտքից երկարացված է լրացուցիչ տարածությամբ (ինչպես Հաղպատի, Գանձասարի գավիթներում)։ Վերջինս գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով։ Մուտքը արևմուտքից է և երիզված է բազմագույն ձևավոր քարերով զարդարված շրջանակով։
Մշկավանքի համալիրը հարուստ է խաչքարերով և վիմական արձանագրություններով։
Վերականգնվել է 1955-1960թթ.-ին։
Չնայած ճանապարհը փոքր ինչ դժվար էր հաղթահարել, բայց և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները մեծ բավականություն ստացան աշնանային արշավից:
  

Saturday, October 1, 2011

Լալա Աբովյանը ընտրվեց աշակերտական խորհրդի նախագահ


Աշակերտական Խորհրդի ընտրություն
 2011-2012 ուս. տարի

      Կողբի թիվ 2  միջնակարգ  դպրոցում  սեպտեմբերի  28-ին  տեղի  ունեցավ  Աշակերտական  խորհրդի  նախագահի  ընտրություն: Ընտրությանը  իրենց  թեկնածությունն  էին   առաջադրել  Լալա  Աբովյանը  XI-բ դասարանից (նա Աշակերտական խորհրդի նախագահն  էր ) և  Սերյոժա  Հարությունյանը  IX  դասարանից: Ընտրությանը  մասնակցում  էին  VI-XII  դասարանների  բոլոր  աշակերտները: Աշակերտները   շատ  ոգևորված   էին   և  ակտիվորեն մասնակցում  էին ընտրությանը:
  Ընտրության արդյունքները  հաշվվեց ընտրությունից  անմիջապես  հետո: 105/36 ձայների  տարբերությամբ  ընտրվեց  Լալա Աբովյանը:
Լալա Աբովյան

Լալա  Աբովյանի գործունեության ծրագիրը 2011-2012 ուս.տարվա համար.

1.Կապահովենք  Աշակերտական  խորհրդի  գործունեությունը:

2.Կազմակերպիչների և դասղեկների  օգնությամբ կկազմակերպենք սպորտային  և ինտելեկտուալ  խաղեր:
3.Վերանորոգված դասասենյակների  մաքրությունը  կստուգենք  Աշակերտական  խորհրդի  ողջ  անձնակազմով:
4.Դպրոցի  միջանցքների  և  դասարանները  կզարդարենք  պաստառներով  և  բույսերով:
5.Կազմակերպիչների  միջամտությամբ,կվերսկսենք <<Բանավեճ>>  ակումբի  գործունեությունը:
6.Կապահովենք  հարակից  դպրոցների Աշակերտական  խորհրդի  համատեղ  աշխատանքը:
7.Դասղեկների  և  աշակերտների  օգնությամբ  կկազմակերպենք  շաբաթօրյակներ:
8.Կկազմակերպենք  միջոցառումներ  աշակերտների,դասղեկների  և  կազմակերպիչների  օգնությամբ:
9.Կպատրաստենք  պաստառներ՝հետաքրքիր  տեղեկություններով  լի:
10.Ինչպես  նաև,պաստառների  և միջոցառումների  միջոցով  կտեղեկացնենք  աշակերտներին  իրենց  իրավունքների  և  պարտականությունների  մասին:


Wednesday, September 7, 2011

Սեպտեմբերի 1


          Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումը կայացավ տոնականորեն զարդարված դպրոցի բակում:: Այն վարում էին 12-րդ դասարանցիներ Անուշը և Տարոնը: Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով: Միջոցառման սկզբում հաղորդավարները ողջունեցին բոլոր ներկաներին՝ աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին, հյուրերին: 
           
           Ելույթով հանդես եկավ տնօրենի ժպ    Կ. Նազարյանը: Նա համառոտ ներկայացրեց անցյալ ուսումնական տարվա ձեռքբերումները, նշեց թերացումները: Գովասանագրերով պարգևատրեց անցած ուսումնական տարվա գերազանցիկներին՝ մաղթելով նորոնոր հաջողություններ: Ներկաներին ծանոթացրեց դպրոցի վերանորգման աշխատանքների ընթացքին, նշեց, որ աշխատանքներին աջակցում է Տավուշի մարզպետարանը, օգնում են բարեգործներ Հովիկ Աբովյանը և Պավել Ղուլիջանյանը: Տնօրեն տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվա սկզբից երկու տարի ժամանակով դպրոցում աշխատելու է Խաղաղության կորպուսի կամավորը: 
     
        Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ Լալա Աբովյանը:Ներկաներին ողջունեցին  Անին, Մարիամը, առաջին դասարանցիներ: 

        Տարածաշրջանի ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, շնորհավորելով բոլոր ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա առիթով, պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրել 1-3-րդ դասարանների բոլոր աշակերտներին:



        1-4-րդ դասարանի աշակերտները կավճանկարներով արտահայտեցին իրենց մտքերը անկախության վերաբերյալ:

Friday, April 29, 2011

Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 10-րդ բ դասարանի աշակերտ Սևակ Ավագյանը <<Եվրամիության և Չեխիայի կառավարության կողմից կազմակերպված <<Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման ՀՀ-ում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում>> ծրագրի շրջանակներում <<Կարող եմ արդյոք դառնալ թրաֆիքինգի զոհ>> շարադրության մրցույթին լավագույնս մասնակցելու համար արժանացել է երրորդ մրցանակին:







Մաթեմատիկական խաղ -մրցույթ 6-րդ դասարանում

<<Եռանկյունի>>
Կողբի թիվ 2 դպրոցում կայացավ մաթեմատիկական մրցույթ 6- րդ դասարանցիների միջև: Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտների միտքն ու զարգացնել տրամաբանությունը: Ուստի մրցույթի առանցքում ընտրված էին տրամաբանական խնդիրներ և խաղեր, որոնց մի մասն ընտրված էր խնդրագրքերից, մյուս մասը՝ <<Կենգուրու 2011>> առաջադրանքներից: Դասարանը բաժանված էր երեք խմբի յոթական աշակերտներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրեց իր ավագին: Թիմերն ունեին մաթեմատիկական խորհրդանիշ-անուններ՝ <<Եռանկյունի>>, <<Քառակուսի>> և <<Շրջան>>:
<<Քառակուսի>>


Մրցույթի սկզբմունքը հետևյալն էր. բոլոր թիմերին տրվում էր նույն խնդիրը, մեկ րոպե մտածելուց հետո պատասխանը հանձնվում էր հանձնաժողովին: Ճիշտ պատասխանող թիմը խրախուսվում էր խորհրդանշական բանալիով:


Վերջում մրցեցին նաև թիմի ավագները՝ պատասխանելով բլից հարցերի: 


Աշակերտները շատ ոգևորված էին, և յուրաքանչյուր թիմ ձգտում էր նվաճել հաղթանակը:

Վերջնական արդյունքում 11 միավորով հաղթեց <<Եռանկյունի>> թիմը:

<<Շրջան>>

Մրցույթի ընդմիջումները համեմվում էին գեղարվեստական համարներով՝ ասմունքով, երգով և պարով:


Մրցույթի վերջում հանձնաժողովը խրախուսական նվերներ՝ գրքեր, հանձնեց ակտիվ մասնակիցներին: Մրցույթն այնքան էր ոգևորել աշակերտներին, որ վճռեցին այն շարունակական դարձնել:


Սուրբ Զատիկի տոնակատարությունը


Քրիստոնեության ամենամեծ տոնն է Զատիկը: Սուրբ Հարության տոնը` Զատիկը, մարդկության հոգևոր և բարոյական վերածնության տոնն է: Զատիկը հավիտենական գարնան և հավերժական կյանքի տոնն է:



Ինչպես ամեն մի գարւն մի հրավեր է, որ նոր լույսով, նոր ջերմությամբ ծլի ու ծաղկի մայր բնւթյունը,  այնպես  էլ Սուրբ Հարության ավետիսը մի ոգեղեն հրավեր է` ուղղված մարդկային աշխարհին հոգեպես վերանորոգվելու և հոգեպես պայծառանալու:

      Բարի լուրի  զանգեր զարկին,
Զնգզնգալեն անու~շ-անու~շ ,
Լույսը բացվեց մեր աշխարհին,
Զատիկի լուրով անու~շ-անու~շ: 


Wednesday, April 6, 2011

Ապահով ինտերնետ

Դասի ընթացքը
Խթանման փուլը սկսեցի մտագրոհով, թե երեխաներն ինչ գիտեն ինտերնետի, նրանում առկա վտանգների մասին: Սկզբում երեխաներն այնքան էլ ակտիվ չէին, բայց հետո նրանց կաշկանդվածությունն անցավ, և ավելի ակտիվորեն մասնակցեցին դասապրոցեսին:
Իմաստավորման փուլում երեխաներին ծանոթացրի ապահով ինտերնետի ոսկե կանոններին, ցուցադրեցի նախապես կազմած պլակատը:

Բոլոր համակարգիչների վրա բացեցինք safe.am կայքը, այնուհետև բացեցինք esafetykit հղումը: Երեխաները ծանոթացան կայքին, տեսան, որ պետք է ծանոթանան անվտանգության, հաղորդակցության, կիբերհեետապնդման և զվարճանքի ոսկե կանոններին: Այնուհետև լրացրին անվտանգության, հաղորդակցության, կիբերհետապնդման և զվարճանքի թեստերը:

Անահիտը և Արամը
Տիգրանը, Անին, Էդգարը, Ռոմանը
Անվտագության թեստը լրացնելիս միայն Արամին և Անահիտին հաջողվեց բոլոր 5 հարցերին ճիշտ պատասխանել: 









Հաղորդակցության թեստը անսխալ լրացրին միայն Անին և Տիգրանը, կիբերհետապնդման թեստը` Անին, Տիգրանը, Ռոմանը և Էդգարը: Զվարճանքի թեստը շատերին հաջողվեց անսխալ լրացնել:

Երեխաների ուշադրությունը անընդհատ պահում էչ կայքում տեղակայված խորհուրդներին:

Յուրաքանչյուր թեստից հետո քննարկում էինք սխալ պատասխանները, պարզաբանումը կատարվում էր աշակերտների օգնությամբ:

Երեխաները դասապրոցեսի ընթացքին մասնակցում էին սիրով, նրանց մոտ վերացել էր սկզբնական կաշկանդվածությունը: ժամանակը սուղ էր, և չհասցրինք անդրադառնալ խաղերին, բայց երեխաներին ցույց տվեցի կայքը և խորհուրդ տվի անպայման խաղալ բոլոր խաղերը:

Երեխաներից պահանջեցի, որ դասապրոցեսում սովորածի մասին պատմեն իրենց ընկերներին  և սովորածը կիրառեն առօրյայում:

Դասապրոցեսին մասնակցում էին նաև դպրոցի որոշ ուսուցիչներ, որոնք ևս մասնակցեցին թեստերի կատարման աշխատանքներին և մեծ բավականություն ստացան:

Ուսուցիչներն առաջարկեցին, որ նման դասեր պարապվեն բոլոր դասարաններում կամ ինֆորմատիկայի դասաժամերին մշտապես հիշեցվեն անվտանգության ոսկե կանոններն և կիրառվեն:

Բաց դաս

ՀՀ Տավուշի մարզ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց
 Բաց դաս /6.04.2011/

Պլան

1. Դասի թեման                          Ապահով ինտերնետ

2. Դասի նպատակը                   Աշակերտները կկարողանան. 
     ա. տեղեկանան ինտերնետում առկա վտանգների մասին
     բ. հասկանան, թե ինչպես խուսափեն ինտերնետում առկա վտանգներից

3. Դասի ընթացքը-                     I-խթանման փուլ /5-7ր./
ա. Կատարել մտագրոհ, ինչ է ինտերնետը:
      /Մտագրոհի միջոցով պարզել, թե ինչ գիտեն աշակերտներն ինտերնետի մասին/:
բ. Լրացնել նախապես պատրաստած թեստերը:

II - իմաստավորման փուլ /20 - 25 ր./

ա. Ծանոթացնել ապահով ինտերնետի ոսկե կանոններին:
բ. Ծանոթացումը կատարել ինտերնետային խաղերի միջոցով:

III - կշռադատման փուլ  /5 -7 ր./
 
ա. Թեստի միջոցով պարզել, թե ինչպես յուրացրին նյութը:
4 . Կատարել անդրադարձ /5  ր./

Դասը վարեց Մ. Ազատյանը


bac das koghb school2.AVI

Saturday, March 26, 2011

Ուսուցիչները պարտավոր են

1. Համաձայան կրթական չափորոշիչների ապահովել աշակերտների կողմից ծրագրային նյութի պահանջվող մակարդակի յուրացումը:
2.
Աշակերտին զինել գիտելիքների հիմունքներով:
3.
Դասապրոցեսը դարձնել արդյունավետ, ուսուցանող նյութը` հետաքրքիր և մատչելի:
4.
Օգտագործել ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, դասավանդման նոր մեթոդներն ու եղանակները:
5.
Դասի տեսական մասն ամրապնդել կյանքի կարևոր գործնական հմտություններով ու կարողություններով:
6.
Օգտագործել ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն աշակերտների հետաքրքրության, ակտիվության մեծացմանը, ինքնուրույն մտածելու և ստեղծագործելու կարողությանը:
7.
Ժամանակին անցկացնել, ստուգել ուսուցողական և ստուգողական աշխատանքները:
8.
Ճիշտ կառուցել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը:
9.
Կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ:
Այդ միջոցառումները ու էքսկուրսիաները կազմակերպելիս ներգրավել ակտիվ ծնողներին, միջոցներ ձեռնարկել երեխաների անվտանգությունը ապահովելու համար:
10.
Կազմակերպել առարկայական խմբակներ, անցկացնել օլիմպիադաներ:
11.
Լրջորեն և սիստեմատիկաբար զբաղվել ինքնակրթությամբ:
12.
Հետևել դպրոցի շենքի և գույքի պահպանմանը:
13.
Պատասխանատվություն կրել աշակերտների առողջության պահպանման և անվտանգության ապահովման համար:
14.
Դպրոց ներկայանալ դասից առնվազն 10 րոպե շուտ:
15.
Մասնակցել դպրոցում կազմակերպվող խորհրդակցություններին, ժողովներին:
16.
Դասից առաջ ուսուցչանոցից վերցնել դասամատյանը և դասարան մտնել դասին անհրաժեշտ բոլոր պարագաներով:
17.
Դասն սկսվելուն պես կատարել աշակերտների հաճախումների հաշվառում` նշելով բացակայությունները և ուշացումները:
18.
Դասամատյանի համապատասխան տեղում լրացնել դասի թեման և տրվող հանձնարարությունները:
19.
Սովորողներին նշանակած գնահատականները հրապարակել և պարտադիր գրանցել օրագրում:
20.
Կիսամյակի վերջին դասաժամին ամփոփել տվյալ առարկայից աշակերտի ստացած գնահատականները:
21.
Դասամատյանում չկատարել որևիցէ ջնջում կամ ուղղում:Նման անհրաժեշտության դեպքում դիմել փոխտնօրենին:
22.
Ծայրահեղ պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում տեղյակ պահել տնօրենին:
23.
Հարգելի կամ անհարգելի պատճառներով աշխատանքից բացակայող ուսուցիչները հաջորդ օրը աշխատանքի ներկայանալիս, մինչև դասարան մտնելը, պարտավոր են տնօրենին գրավոր բացատրություն տալ բացակայելու մասին, թույլտվություն ստանալ և անցնել աշխատանքի:
24.
Մշտապես ձեռքի տակ ունենալ առարկայական ծրագիր` հաստատված փոխտնօրենի կողմից:
25.
ՈՒնենալ առարկայական թեմատիկ պլան` հաստատված փոխտնօրենի կողմից:
26.
Սովորողների ծնողների հետ չառնչվել դաստիարակչական հարցերից դուրս հարցերով:
Նման անհրաժեշտություն առաջաբնալու դեպքում դիմել տնօրենին:
27.
Կարգապահական խախտում կամ խրախուսելի արարք կատարած աշակերտին չպատժել կամ չխրախուսել գնահատականի իջեցումով կամ բարձրացումով:
28.
Դասամիջոցն աշակերտի հանգստի համար է: Չի կարելի ծառայեցնել այն տվյալ դասին:
29.
Դասղեկի հրավերով պարտադիր նասնակցել ծնողական ժողովին:

Բացի այս ամենից ուսուցիչը պետք է օժտված լինի մասնագիտական կայուն գիտելիքներով, մարդկանց հետ շփվելու հմտությամբ, տիրապետի մանկավարժության, հոգեբանության հիմունքներին:

30. Ծնողական ժողովներին առանձին սաների ստացած գնահատականները ներկայացնել միայն սահմանված կարգով և աշակերտի մասին կարծիքներ չհայտնել ընդհանուրի ներկայությամբ` ծնողին դնել անցանկալի իրավիճակի մեջ: Նման հարցերը նպատակահարմար է քննարկել ծնողի հետ առանձին և խիստ անհատական:
31.
Աշխատանքի ներկայանալ մշտապես կոկիկ տեսքով, ունենալ նրբակիրթ շարժուձև և էթիկայի կանոնների համապատասխան պահվածք և պարկեշտ կեցվածք:
32.
Վերջին ժամը պարապելուց հետո պարտադիր ուղեկցել երեխաներին մինչև դպրոցի մուտքը:
Խիստ արգելվում է`
  • դպրոցի շենքում և նրանից դուրս բարձր ձայնով, անհարգալից դիմելաձևով, վիրավորական արտահայտություններով դիմել գործընկերներին,
  • ուշանալ աշխատանքից,
  • հերթապահության ժամին չլինել նշված հարկում կամ վայրում,
  • դասը վարել բարձր ձայնով` օգտագործելով աշակերտի անձը վիրավորող արտահայտություններ,
  • դասի ընթացքում զբաղվել կողմնակի աշխատանքներով (տետրի ստուգում, աշակերտների հետ դասի թեմայից դուրս հարցերի քննարկում,բջջային հերախոսով խոսել և այլն),
  • զանգից շուտ դուրս գալ դասարանից` ազատ արձակելով աշակերտներին,
  • դասը խանգարող աշակերտներին անկյուն կանգնեցնել կամ դուրս հանել դասարանից,
  • մատյանը փոխանցել աշակերտի միջոցով,
  • կիսվող դասաժամերին աշակերտներին տեղափոխել դասարանից դասարան զանգը հնչելուց հետո,
  • դասի ժամանակ աշակերտին դուրս թողնել,
  • անցկացնել էքսկուրսիաներ` խախտելով սահմանված կարգը