Thursday, March 29, 2012

Օգնության ծանրոցներ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցին

ԱՄՔՈՐ բարեգործական ընկերության կողմից մատի 28-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը օգնության ծանրոցներ ստացավ:  Ծանրոցների մեջ հիգիենայի պարագաներ էին, որոնք բաժանվեցին դպրոցի բոլոր դասարանների աշակերտներին և ուսուցիչներին:
ԱՄՔՈՐ ընկերությունը տարիներ առաջ նույնպես օգնություն էր ցուցաբերել դպրոցին: 
Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները իրենց շնորհակալությունն են հայտնում ԱՄՔՈՐ ընկերության օգնության համար:

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների հանդիպումը Կողբի գյուղապետի հետ

Մարտի 28-ին Կողբի երկու դպրոցների աշակերտները հանդիպում ունեցան Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանի հետ:  Հնադիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում,  և պարոն Աղաբաբյանը  սիրով պատասխանեց երեխաների բոլոր հարցերին:  Երեխաները տեղեկացան, թե ինչ աշխատանքներ են մնացել կատարելու մինչև հոկտեմբերին կայանալիք ընտրությունները:  Պարոն Աղաբաբյանն ասաց, որ հիմա գյուղում խմելու ջրի ջրագիծ է կառուցվում, և որ այդ խմելու ջրից կօգտվեն ավելի քան 300 ընտանիք, գյուղի Ավագի ձոր կոչվող հատվածում կառցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան սպորտային համալիր՝ ֆրանսիահայ բարերար Րաֆֆի Քամայանի նախաձեռնությամբ:
Աշակերտները բարձրացրին նաև գյուղի աղբահանության խնդիրը: Պարոն Աղաբաբյանն փաստեց, որ դա գյուղի ամենացավոտ հարցերից մեկն է, և նա այդ խնդրով զբաղվում է 2005թ.-ից, սակայն այն դեռ վերջնական լուծում չի ստացել: Նա ավելացրեց, որ գյուղի լուսավորության խնդիրը նույնպես կլուծվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: 
Աշակերտները խնդրեցին օգնել դպրոցին սպորտային գույքով, հանդիսությունների դահլիճի սեղան-աթոռներ ձեռք բերման համար: Նրանք նաև խնդրեցին օգնել ուսուցչանոցի կահավորմանը: Պարոն Աղաբաբյանն ասաց, որ կկատարի նրանց խնդրանքը:
Աշակերտները  պարոն Աղաբաբյանին առաջարկեցին Կողբի գյուղապետարանի կողմից կրթաթոշակ սահմանել դպրոցի միջին և  բարձր դասարաններում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների համար: Պարոն Աղաբաբյանը այս առաջարկը ևս ողջունեց, բայց ասաց, որ երբ ինքը աշակերտ էր, իրենք անշահախնդիր ձևով էին սովորում դպրոցում: 
Հանդիպմանը մասնակցում էին նաև Կողբի մշակույթի տան տնօրեն Սասուն Մուրադյանը և ՏԻՄ-ի ներկայացուցիչ Արմեն Ղուլիջանյանը:Աշակերտները մի քանի մշակութային հարց էլ  ուղղեցին պարոն Մուրադյանին:
Աշակերտներին հետաքրքիր էր, թե ինչու գյուղում չեն ներկայացվում բեմադրություններ, տիկնիկային թատրոնը ինչու չի գործում և  չեն կատարվում տեսաֆիլմերի ցուցադրումներ:  Նրանք խոստովանեցին, որ իրենք նույնպես  կարող են մասնակցություն ցույց տալ բեմադրություններին: Պարոն Մուրադյանը համաձայնվեց, որ, այո՛, վերջերս մշակույթային կյանքն այնքան էլ ակտիվ չէ,   և որոշեցին համագործակցել:

Wednesday, March 28, 2012

Խաղաղության Կորպուսի կամավորի գործունեությունը

Ինչպես արդեն գրել էինք 2011թ. սեպտեմբերից Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում աշխատում է Խաղաղության Կորպուսի կամավոր Աշլի Էլիսը:  
Երիտասարդ կամավորին շատ է դուր գալիս Կողբ գյուղը  և նրա բնակիչները: Գյուղում գրեթե բոլորը  արդեն ճանաչում են նրան, հանդիպելիս ջերմ ողջունում են և սիրով զրուցում են նրա հետ: Աշլին  մեծ սիրով շփվում է բոլորի հետ և արդեն հասցրել է մեծ թվով ընկերներ ձեռք բերել: 
Դպրոցում նա համագործակցում է անգլերենի ուսուցիչների հետ, դասերի ժամանակ օգնում պատրաստել լրացուցիչ նյութեր, որպեսզի ավելի ոգևորի երեխաներին: 
Դպրոցում հիմնել է անգլերենի անվճար խմբակ երկու տարիքային խմբերի համար: Անգլերեն լեզվով հետաքրքվող երեխաները սիրով հաճախում են նրա խմբակներին: Հիմա նա աշակերտներին նախապատրաստում է Նոյեմբերյանում կայանալիք անգլերեն բանաստեղծությունների ասմունքի մրցույթին, որն ամեն տարի անց է կացվում Խաղաղության Կորպուսի կամավորների կողմից: 
Փետրվարին Աշլին և նրա գործընկեր Վարդանուշ Բարսեղյանը մասնակցեցին Ծաղկաձորում անցկացվող դասընթացին  և հիմա աշխատում են դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման ծրագրի վրա:


Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը հրավիրված էին ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Դպրոցի աշակերտները երգով, պարով և ասմունքով շնորհավորեցին դահլիճում  ներկա գտնվող կանանց և աղջիկներին: Բոլորը շատ մեծ բավականություն ստացան կազմակերպված միջոցառումից:















Monday, March 5, 2012

Բաց դաս

<<Ապահով համացանց>>
Մարտի 2-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ <<Բ>> դասարանում տեղի ունեցավ բաց դաս:  Դասն անցկացրեց ինֆորմատիկայի ուսուցչուհի  Արմինե Աբովյանը: Նա ներկայացրեց դասի թեման, նպատակը, խնդիրները: Եվ ընդհանրապես ինչպես պետք է օգտվել համացանցից ապահով: Աշակերտները ներկայացրին համացանցային վիճակագրություն,  խոսեցին էլեկտրոնային գրադարանների , բլոգների, սոցիալական ցանցերի և շարժական տեխնոլոգիաների մասին: Այնուհետև դիտեցին 8-րդ դասարանի աշակերտ Սուրեն Ղուլիջանյանի պատրաստած տեսանյութը ապահով համացանցի վերաբերյալ:
Բաց դասին ներկա գտնվող  ուսուցիչները իրենց հարցերն ուղղեցին աշակերտներին և ստացան սպառիչ պատասխաններ:
Կատարեցին փորձ  <<ձեռք սեղման րոպե>>: Աշակերտներին առաջարկվեց 10 վայրկյանի ընթացքում հնարավորինս շատ դասընկերների ձեռքով ողջունել: Հետո քննարկում տեղի ունեցավ, թե այդ նույն ժամանակահատվածում, քանի մարդու նրանք կողջունեին համացանցում:
Հետո աշակերտները լրացրին safe.am կայքում տեղադրված համացանցի անվտանգության թեստը: Քանի որ նրանք արդեն լավ տեղյակ էին ինչպես համացանցից օգտվել ապահով, թեստի արդյունքները շատ բարձր էին: Վերջում խաղացին ապահով համացանցին նվիրված  esafetykit խաղը:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Ամալյա Ղարագյոզյանը շնորհակալություն հայտնեց ինֆորմատիկայի ուսուցչուհուն և աշակերտներին և խոստովանեց, որ ինքը ևս  շատ բան սովորես այդ դասից:


Բանավեճ Համակարգիչ և համացանց


2012 թվականի մարտի 1 ին տեղի ունեցավ  երկրորդ բանավեճը: Բանավեճին մասնակցում էին 12 աշակերտ, բանավեճ ակումբի ղեկավար Մանիկ Ազատյանը,  օգնող մանկավարժ, հոգեբան Անի Սիմոնյանը և նաև ունեինք հյուր՝ Էլիզա Աբովյանը:  Այս անգմվա բանավեճի մասնակից աշակերտներից քչերն էին մասնակցել նախորդ բանավեճին: Բանավեճի թեման էր  <<Համակարգիչն  և համացանց>>:

Այս անգամ բանավեճ-զրույցի սկզբում չկային կողմ և դեմ խմբեր, սակայն ընթացքում ստեղծվեցին: Մենք քննարկեցինք,  թե համակարգիչը և համացանցը ի՞նչ նշանակություն ունեն մարդկանց կյանքում, ինչքանո՞վ է նպաստում մեր երիտասարդ սերնդի զարգացմանը,  ո՞ր տարիքից պետք է երեխային թույլատրել օգտվել համակարգչից, արդյո՞ք մեր այժմյան առօրյան պատկերացնում եք առանց համակարգչի: Մենք նշեցինք,  որ համակարգիչն  ունի  և՛ բացասական,  և ՛ դրական ազդեցություն մարդկանց կյանքում: Հնչեցին տարբեր տեսակետներ: Մասնակիցների մեծամասնությունը մտածում էին,  որ համակարգիչը մարդուն «բթացնում» է, իսկ փոքրամասնությունը՝  հակառակը,  համակարգիչը մարդու համար ինֆորմացիայի մեծ աղբյուր է և առանց համակարգչի մարդը ուղղակի չի կարող գոյատևել: 
Քննարկվեց այն,  որ  աշակերտները նախընտրում են   դիտել ֆիլմը կամ կարդալ համակարգչից , քան ոչ պատկերազարդ գիրքը վերցնել ձեռքը: Քիչ անց մենք կատարեցինք մի կենդանի փորձ և համեմատեցին թե 1 րոպեում քանի մարդու  ձեռք կարող ենք  սեղմել  իրար հանդիպելով և համացանցով: Մենք համոզվեցինք,  որ մարդիկ կարող են իրար հանդիպելով ավելի շատ սեղմել միմյանց ձեռք քան համացանցում:Հանգեցինք նրան,որ մարդիկ կտրվելով իրական կյանքից սկսում են ամաչել իրար ձեռք սեղմել և նաև ցանկաությունն է նվազում: Ի վերջո մենք եկանք այն համոզման,  որ մարդը գրեթե 70% տեղեկություն ստանում  է համացանցից և ունի շատ դրական կողմեր, իհարկե <<ճիշտ չափաբաժնով>>  օգտվելու դեպքում: