Saturday, March 26, 2011

Աշակերտների հիմնական պարտականությունները


1. Մեր դպրոցի բակն ու մասնաշենքերը մտնելուց առաջ պետք է մաքրել կոշիկները:
2.
Չարդուկված հագուստով, անխնամ սանրվածքով, եղունգներով, չմաքրված ականջներով, առանց թաշկինակի դպրոց գալը ցանկալի չէ:
3.
Սպորտային և տնային հագուստով դպրոց մտնել չի կարելի:
4.
Դպրոցում արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից:
5.
Դպրոց մտնելուն պես բջջային հեռախոսները հանձնել դասղեկներին:
6.
Դպրոցում արգելվում է բղավել, սուլել, արտառոց ձայներ հանել:
7.
Դասերի ժամանակ միջանցքում խոսել շշուկով, քայլել անաղմուկ:
8.
Դպրոցում պետք է խոսել գրական հայերենով:
9.
Դպրոցի շրջակայքը պետք է մաքուր պահել, վերանորոգել անսարք գույքը:
10.
Ծառերը, ցուցատախտակները, գծապատկերները գիտակցորեն վնասող աշակերտները պատժվում են:
11.
Դպրոցում խրախուսվում են մաքրակենցաղ երեխաները, հնարամիտները, հումորի զգացում ունեցողները:
12.
Գերազանցիկները և բացառիկ ընդունակություններ ցուցաբերողները պարգևատրվում են:
13.
Աշակերտները մասնակցում են դպրոցական բոլոր միջոցառումներին, ցանկացողները կընդգրկվեն աշակերտական խորհրդում:
14.
Ոչ ոք իրավունք չունի մեր աշակերտներին սաստել սեփական կարծիքն արտահայտելիս:
15.
Ոչ ոք իրավունք չունի նրանց հեգնել, ծաղրել կամ նվաստացնել սեփական տեսակետների համար:
16.
Մեր դպրոցին հատուկ են կարիքավորին կարեկցելը, բարի հարևան լինելը, կռվարարներին հաշտեցնելը, ներելը:
17.
Օգնեք և ուրախություն բերեք տարեց մարդկանց:
18.
Տղաներն աղջիկներին չպետք է նեղացնեն:
19.
Մարդկանց, ինչպես նաև կենդանիներին, խփել չի կարելի:
20.
Երեխային ծեծողը պատժվում է:
21.
Գնահատվում են ուղղախոսությունն ու ճշտապահությունը:
22.
Ստախոսը կշտամբվում և պատժվում է:
23.
Գողությունը պատժելի է:
24.
Մեր դպրոցի առօրյային ծանոթանալու նպատակով կարող եք հրավիրել ձեր մտերիմներին ու ծանոթներին` նախապես իրազեկելով տնօրենին:
25.
Դպրոց այցելած հյուրերին ուղեկցել ուսուցչանոց կամ ներկայացնել տնօրենին:
26.
Դպրոցի տարածքում բնակվող և այլ տեղ հիմնական կրթություն ստացող երեխաները դպրոցի տարածք կարող են մտնել միայն տնօրենի թույլտվությամբ:
27.
Հրդեհի վտանգ կասկածելիս, ջրմուղի խցանում նկատելիս, գողություն հայտնաբերելիս, դպրոցում անծանոթ մարդկանց հանդիպելիս իրազեկել տնօրենին կամ հերթապահ ուսուցչին:
28.
Տուն գնալուց առաջ փակել պատուհանները, անջատել էլեկտրական սարքերը, ստուգել անձնական իրերի առկայությունը, ապահովել դասարանի մաքրությունը:
29.
Եթե մեզ մոտ չցանկանաք սովորել, կարող եք տեղափոխվել այլ դպրոց:
30.
Պատիժներն ու խրախուսանքները սահմանում է տնօրինությունը: Մեկ ուսումնական տարվա ընթացքում երկու նկատողության արժանացած աշակերտը հեռացվում է դպրոցից:
31.
Ծնողների կամավոր հանգանակոււթյունները ծախսում է ծնողական համայնքը:
32.
Սույն կանոնները կարող են փոփոխել մանկավարժական խորհուրդը, աշակերտական խորհուրդը:

No comments:

Post a Comment